Sunday, May 29, 2011

բիթ-բիթ կրկնում եմ էլի

բիթ-բիթ,
բայթ-բայթ,
բառ-առ-բառ
կրկնում եմ
Այն, որ չասեցի երեկ,
Այն, որ ականջիդ անսովո՜ր մնաց,
Այն, որ բարդ չէր ու պարզ էր պարզապես,
Եվ այն, որ երեկ 0-ներ էին
Ու 1-եր էին միայն,
Իմ խոսքն են դարձել այժմ,
Իմ բառերն են, իմ ձայնն են հիմա․
Լսիր իմ ձայնը, եթե մեռած չես․

125․․․

Tuesday, May 17, 2011

սուրճի բաժակ

անավարտ նկարներից էլ կարելի էր
ի մի բերելով
սարեր ու ձորեր
ծաղիկ ու ծառ տեսնել,
կարելի էր, չէ՞․

ես չկարողացա
քեզ հավաքելով,
ի մի բերելով,
իմ անավարտ
երևակայության մեջ
ավարտել,
ստանալ այնպես,
ինչպես ուզել եմ․
սև մրուրը պատկեր չի դառնում
իմ սևազգեստ․

125․․․

Friday, May 13, 2011

արտս կանեփ եմ ցանե՜լ...

միջօրե․
շռա՜յլ․
մենք չէինք տեսել ախր․
մենք երկինքը մի աչքով էինք տեսել,
երկնքի մի աչքն էինք տեսել -
արև անունով․
այդպես էինք տեսել․

ու մենք էլ ժպտացինք արևային․
ու երկինքն ու երկիրն էլ մեզ ժպտացին․
երկնքի ու երկրի միջև
ջերմ էր,
երգ էր,
գարու՜ն էր - ասում էին.

միջօրե․
արտս կանեփ եմ ցանե՜լ...

125 ․․․

Thursday, May 5, 2011

Ափսոսանք․․․ (կամ ուշացում)

Առավոտյան ես փորձեցի բռնել հեռու փախչող օրվան,
Եվ նրան հասա միայն իրիկնամուտից առաջ,
Երբ խոնարհվում էին ծաղիկները խոտերի վրա,
Երբ ջրերը գիրկն էին հասնում ծովի,
Եվ գյուղ էին մտնում հովերը՝ սարերից պոկված․

․․․Եվ հասա․․․
Մի ծաղիկ, ահա՛, իր գլուխն է խոնարհում
․․․մեկ ուրիշի վրա․․․

125...